«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունն առանց մրցույթի խոշոր գումարի պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերության հետ
«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունն առանց մրցույթի դիզելային վառելիք է ձեռք բերել, որի համար վճարվել է 64 միլիոն 500 հազար դրամ։ «Փաստինֆո»-ն պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված տվյալներից տեղեկանում է, որ պայմանագիրը կնքվել է «Մեգա Փրոդաքշն» ՍՊ ընկերության հետ։
Դեռ օգոստոսին կառավարությունը որոշել էր այս ընկերությանը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրել, որը գնահատվում է շուրջ 675 միլիոն դրամ։ Կառավարության հրապարակած տվյալների համաձայն՝ «Մեգա Փրոդաքշն» ընկերությանն է պատկանում նաեւ ՀՀ-ում գործող միակ նավթավերամշակման գործարանը, թեեւ վերամշակման արդյունքում ստեղծված արտադրանքին հայ հանրությունն առանձնապես ծանոթ չէ։
Ինչեւէ՝ մի կողմից պետությունն արտոնյալ պայմաններ է ստեղծում ընկերության համար՝ ազատելով մաքսատուրքերից, մյուս կողմից պետական հիմնարկները առանց մրցույթի գնումներ են կատարում այս ընկերությությունից։
Արձանագրենք, որ «Մեգա Փրոդաքշն»-ը համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ փոխկապակցված ՍՊ ընկերություն։
Կնքված պայմանագրի համաձայն՝ «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունը ձեռք է բերել դիզելային վառելիք, որի 1 լիտրի համար վճարել է 645 դրամ։ Ընդհանուր առմամբ՝ ձեռք է բերվել 100 հազար լիտր դիզելային վառելիք։