Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
ՆԳՆ-ն «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծով առաջարկվում է ՀՀ ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրել ուսումնառության ամբողջ ժամկետով։ Խոսքը առաջին փուլում 70 տեղերի մասին է, որոնց թիվը հետագայում կարող է ավելացվել Կառավարության որոշմամբ։
Նախագծի համաձայն՝ կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտած և ՆԳՆ համակարգում՝ ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոններում նշանակված անձանց նույնպես կտրվի տարկետում՝ օրենքով սահմանված անընդմեջ ծառայության ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչև 35 տարին լրանալը։
Գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում ՀՀ ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում սովորելու ցանկություն ունեցող երիտասարդների համար առկա է ընդունելության այնպիսի նախապայման, որը սահմանափակում է հանրակրթությունն ավարտելուց հետո անմիջապես համապատասխան մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը։ Մասնավորապես, ընդունելությանը կարող է մասնակցել միայն 18 տարին լրացած այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն՝ օրենքով նախատեսված բացառություններով։
Արդյունքում, այն երիտասարդները, որոնք դեռևս հանրակրթությունն ավարտելու փուլում գիտակցված ընտրությամբ ցանկանում են իրենց մասնագիտական ապագան կապել ոստիկանության կամ փրկարար ծառայության հետ, չեն կարող անմիջապես ընտրել այդ ոլորտների համար նախատեսված մասնագիտական կրթական ուղին։
«Նախագծային լուծումներով առաջարկվում է որակյալ կրթության և հանրային ծառայության անցնելու համակցում, որակապես նոր մակարդակի ոստիկանության և փրկարար ծառայողների ներգրավում, մասնագիտական կայացում և մրցունակ վարձատրությամբ կարիերային առաջընթացի երաշխավորում։
Այսպես, երիտասարդ քաղաքացիների համար ուրվագծվում է մասնագիտական որակյալ կրթություն ստանալու, մասնագիտական պատրաստվածություն ձեռք բերելու և դրա հիման վրա ներքին գործերի համակարգում ծառայողական գործունեություն մեկնարկելու ու շարունակելու կանխատեսելի և իրավական ամուր երաշխիքներով ապահովված ուղու ստեղծումը։ Պետության կողմից պետական պատվերի շրջանակներում տրամադրվող կրթությունը հանդես կգա ոչ միայն որպես կրթական ծառայություն, այլև՝ որպես հետագա մասնագիտական ծառայության անցնելու և ծառայողական կարիերայի ձևավորման նախապատրաստական փուլ։
Միաժամանակ, ներդրվում է ծառայողի մասնագիտական և ծառայողական առաջխաղացման հստակ, փուլային և կանխատեսելի գործիքակազմ։ Միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած անձինք նշանակվելու են ոստիկանության կամ փրկարար ծառայության միջին խմբի պաշտոններում՝ ՀՀ ՆԳՆ-ում կամ ենթակա պետական մարմիններում անընդմեջ 10 տարի ծառայելու պայմանով։ Առանձնահատուկ նշանակություն ունի այն հանգամանքը, որ այս ուղին միջին մասնագիտական կրթության հիմքով ծառայության անցած անձին հնարավորություն է տալիս՝ օրենքով սահմանված պայմանների պահպանման դեպքում, հասնել ծառայողական կարիերայի ավելի բարձր մակարդակների։ Մասնավորապես, միջին խմբի պաշտոններում 5 տարի ծառայելուց հետո ծառայողը կարող է նշանակվել ավագ խմբի պաշտոններում, իսկ ավագ խմբի պաշտոններում 3 տարի ծառայելուց հետո, օրենքով նախատեսված կարգով, հնարավորություն է ստանում նշանակվելու գլխավոր խմբի պաշտոններում։
Ավելին, կարիերային առաջխաղացման հնարավորությունը չի սահմանափակվի միայն ծառայության այն կոնկրետ ուղղությամբ, որում անձը սկսել է իր ծառայությունը։ Օրինակ՝ ոստիկանական միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտելուց հետո համայնքային ոստիկանության միջին խմբի պաշտոնում նշանակված ծառայողի հետագա մասնագիտական զարգացումը կարող է իրականացվել ինչպես ուղղահայաց՝ նույն ծառայության շրջանակներում առաջխաղացման միջոցով, այնպես էլ հորիզոնական՝ ՆԳՆ այլ ուղղություններում՝ համապատասխան վերապատրաստում անցնելու և սահմանված պահանջներին համապատասխանելու միջոցով։
Ընդ որում, որպես ծառայության գրավչության և մասնագիտական խրախուսման լրացուցիչ երաշխիք, նախատեսվում է, որ միջին խմբի պաշտոնում նշանակվելու պահից տվյալ անձինք համարվելու են ատեստավորված և ձեռք կբերեն Կառավարության սահմանած չափով հավելավճար ստանալու իրավունք։
Պետությունն իր հերթին ձևավորում է կանխատեսելի և արհեստավարժ մարդկային ռեսուրս, ինչը պետության անվտանգության արդյունավետ ապահովման կարևորագույն երաշխիքներից է։
Միաժամանակ, ուսման և անընդմեջ ծառայության ժամկետում պետության առջև ստանձնած իրենց պարտավորությունն ամբողջ ծավալով կատարած անձանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված՝ պետությանն ու հասարակությանը այլընտրանքային եղանակով երկարաժամկետ ծառայելու միջոցով»,-ասվում է հիմնավորման մեջ։