Նրանց, ում խնայել էին փամփուշտն ու արկը, տարավ կրակը… արցախցի կնոջ հիշողությունը
«Նրանց, ում խնայել էին փամփուշտն ու արկը, տարավ կրակը…»,-գրում է արցախցի Նարե Սիմոնյանը՝ հիշելով Ստեփանակերտի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունը։
«Երբ թվում էր, թե շրջափակումն ու պատերազմն արդեն խլել են ամեն ինչ՝ մարդկային կյանքեր, հայրենիք ու հույս, պարզվեց՝ արցախցին դեռ մի կռիվ էլ կրակի դեմ պիտի տար… Երբ այդ ծանր օրերին լսեցինք աղետի մասին, դեռ չէինք կարող պատկերացնել դրա ահռելի չափերն ու ողբերգական հետևանքները։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Հայկազովի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց 218 մարդ, 23 մարդ անհետ կորած է համարվում, իսկ հարյուրավոր մարդիկ ծանր վնասվածքներ ստացան:
Ադրբեջանի՝ սեպտեմբերի 19-ին սանձազերծած պատերազմը չավարտվեց ո՛չ այդ օրը, ո՛չ էլ հաջորդ օրը։ Հայկազովի ողբերգությունն այդ օրերին սկսված ցեղասպան գործողությունների, դրանց հետևանքով առաջացած քաոսի և վերահաս բռնագաղթի շարունակությունն ու հետևանքն էր։
Մինչ օրս պայթյունից տուժածներն ու զոհվածների ընտանիքները հատուկ կարգավիճակ չեն ստացել։
Տոնակատարությունների, համերգների, կուսակցական խնջույքների ու ամառանոցների վրա միլիոնավոր դոլարներ ծախսող իշխանությունը որոշել է խնայել պատերազմի, շրջափակման, բռնագաղթի ու կրակի միջով անցած մարդկանց հաշվին։
Այն մարդկանց, ովքեր այդ արհավիրքի մեջ կորցրին իրենց ամենաթանկը»,-գրել է նա: