Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Այդ մասին NEWSPRESS.am–ի հետ զրույցում ասաց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նա դժվարացավ ասել՝ այս պահին ավարտվե՞լ է արդյոք հարցաքննությունը, թե՞ ոչ, քանի որ առայժմ չի կարողանում կապ հաստատել փաստաբանի հետ, սակայն նշեց, որ Ծառուկյանը քննչական կոմիտում գտնվում է իրանցիների գործով, ովքեր վարույթով տուժող են ճանաչվել:
«Քննչական գործողություններ են կատարվում, որին Գագիկ Ծառուկյանը պարբերաբար մասնակցում է»,-ասաց Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացման համար: Ըստ իրավապահների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից: Ծառուկյանն ամռան ընթացքում մի քանի անգամ արդեն նույն գործով հարցաքննվել է։