Պետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրել է.
«ՀՀ վարչապետի աշխատակազմի հրապարակած՝ Հայ Առաքելական Եկեղեցու «ճգնաժամի և լուծման ուղիների» վերաբերյալ զեկույցը պետք է գնահատել ոչ թե միայն քաղաքական, այլև պատմական, եկեղեցաբանական և կանոնական չափանիշներով։
Հայ Եկեղեցու պատմությունը ցույց է տալիս, որ պետության և Եկեղեցու հարաբերությունը միշտ եղել է բարդ ու զգայուն։ 1836 թ. Ռուսական կայսրության կողմից հաստատված «Պոլոժենիեն», 1863 թ. Հայոց Ազգային Սահմանադրությունը և հատկապես խորհրդային շրջանի փորձը ցույց են տալիս, որ պետական վարչական միջամտությունը Եկեղեցու ներքին կյանքին կարող է ունենալ երկարատև հետևանքներ։
Միաժամանակ, այսօր գործող ՀՀ օրենքը «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ճանաչում է Եկեղեցու առանձնահատուկ առաքելությունն ու նրա ինքնակառավարումը նվիրապետության շրջանակում։
Հետևաբար պետք է տարբերել երկու բան.
պետության իրավասությունը՝ օրենքի խախտումները քննելու և քաղաքացիների իրավունքները պաշտպանելու հարցում, և Եկեղեցու կանոնական իրավասությունը՝ իր ներքին կյանքը կարգավորելու հարցում։
Եթե կա հոգևորականին վերաբերող կանոնական մեղադրանք, այն չի կարող հիմնվել միայն մամուլի հրապարակումների կամ հանրային հայտարարությունների վրա։ Գիտական և կանոնական մոտեցումը պահանջում է պարզել՝ ո՞ր կանոնն է խախտվել, ի՞նչ փաստերով է դա հաստատվում և ո՞ր իրավասու եկեղեցական ատյանն է այդ մասին որոշում կայացրել։
Եկեղեցին անսխալական հաստատություն չէ։ Այն կարող է և պետք է ինքնաքննադատվի, բարեփոխվի, ապահովի ֆինանսական թափանցիկություն, վերականգնի ժողովականությունը և կատարելագործի իր կառավարման մեխանիզմները։
Բայց այստեղ կա մի հիմնարար տարբերություն.
Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն։
Հայ Եկեղեցին կարող է ունենալ լուրջ խնդիրներ, սակայն այդ խնդիրների լուծման ճանապարհը պետք է փնտրել նախևառաջ Եկեղեցու կանոնական ավանդության, ժողովականության և սեփական ինքնակառավարման շրջանակում։
Պետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է։
Եկեղեցու ուժն էլ ոչ թե սխալներ չունենալու, այլ սեփական սխալները ճանաչելու, ապաշխարելու և հոգևոր ու կանոնական ճանապարհով վերականգնվելու կարողության մեջ է»։