Կքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը
Երևանում պաշտոնապես մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը՝ շուրջ քսան երկրներից ժամանած Հայ Դատի կառույցների պատասխանատուների և ՀՅԴ կուսակցական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդաժողովը կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ը։
Խորհրդաժողովի նպատակն է գնահատել անցնող շրջանի աշխատանքները, քննարկել առաջիկա գործունեության հիմնական ուղղությունները և տարածաշրջանային ու միջազգային նոր պայմանների լույսի ներքո կատարել անհրաժեշտ մարտավարական վերանայումներ։ Օրակարգի հիմնական հարցերն են Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերները և դրանց դիմակայման գործում Հայ Դատի համաշխարհային ցանցի հնարավորությունների օգտագործումը։
Պաշտոնական բացման ընթացքում ելույթ են ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ինչպես նաև տարածաշրջանային գրասենյակների ներկայացուցիչներ։
Ռուստամյանն իր խոսքում անդրադարձել է վերջին տարիների պատերազմների հետևանքով Հարավային Կովկասի ռազմաքաղաքական պայմանների փոփոխությանը՝ շեշտելով հայությանը սպառնացող վտանգների և նոր մարտահրավերների վերագնահատման անհրաժեշտությունը։ Նա նաև քննադատել է Հայաստանի իշխանությունների քաղաքական ուղեգիծը՝ այն հակադրելով Հայ Դատի կառույցների կողմից ազգային ինքնության, պետականության, ինքնիշխանության և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության առաջադրանքներին։
Իշխան Սաղաթելյանն իր հերթին անդրադարձել է Հայ Դատի կառույցների նկատմամբ Հայաստանի իշխանությունների վերջին շրջանում իրականացրած անհիմն հարձակումներին՝ շեշտելով, որ Հայ Դատի աշխատանքն ուղղված է Հայաստանի և հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը։ Նա հատկապես նշել է Ադրբեջանի ռազմական աջակցությունը սահմանափակելու, բռնի տեղահանված արցախահայության վերադարձի իրավունքի, հայ գերիների ազատ արձակման և միջազգային հարթակներում հայկական դիրքերի պաշտպանության ուղղությունները։
Հակոբ Տեր-Խաչատուրյանը ներկայացրել է Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունեության հիմնական ոլորտները՝ Հայաստանի պետականության ամրապնդումից և Արցախի հայության իրավունքների պաշտպանությունից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և հատուցման հարցեր, Սփյուռքի հայկական համայնքների իրավունքների պաշտպանություն և երիտասարդության քաղաքական մասնակցության խթանում։ Նա ևս անդրադարձել է Հայաստանի իշխանությունների հետ նախկին համագործակցության խզմանը՝ նշելով, որ Հայ Դատի կառույցները շարունակելու են իրենց գործունեությունը՝ անկախ այդ խիստ տարակարծություններից։
Խորհրդաժողովի առիթով ողջույնի ուղերձներ էին հղել նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը՝ իրենց զորակցությունը հայտնելով Հայ Դատի համաշխարհային կառույցների աշխատանքին և կարևորելով հայ ժողովրդի ազգային իրավունքների, ինքնության ու համազգային շահերի պաշտպանության ուղղությամբ տարվող հետևողական գործունեությունը։
Խորհրդաժողովի առաջիկա նիստերին նախատեսվում է քննարկել Հայ Դատի կառույցների վերջին երկու տարիների գործունեությունը, Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները, ինչպես նաև առաջիկա շրջանի համաշխարհային աշխատանքի առաջնահերթությունները։