Անդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Դավիթ Թադևոսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման կարևորությունը։
Ողջունելով դեսպանին՝ Դավիթ Թադևոսյանն անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին, իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին, ինչպես նաև համագործակցության հետագա հնարավորություններին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, նորարարության, տիեզերական գործունեության, կապի և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության ընթացիկ ուղղությունները և առաջիկա անելիքները։
Անդրադարձ է կատարվել նաև 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Երևանում կայացած Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։