«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեց
Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» 2 ամսով կալանավորվել է: Այս մասին հայտնում է 24News-ը՝ վկայակոչելով Քրեական դատարանի որոշումը։ Կալանքի միջնորդության քննությունը մակագրվել էր դատավոր Մասիս Մելքոնյանին:
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձինք ձերբակալվել էին սեպտեմբերի 22-ին, առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով: ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, այսպես ասած՝ «օրենքով գող», Գյումրիում հաշվառված 58-ամյա տղամարդը տեղեկանալով, որ նախկին փեսան վիճաբանել է դստեր հետ, սեպտեմբերի 21-ին դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող մեկ այլ «օրենքով գող» Օշականի 56-ամյա բնակչին՝ նախկին փեսային պատժելու համար։
Նույն օրը՝ ժամը 02:40-ի սահմաններում, Օշականի 56-ամյա բնակիչը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամների համար պարտադիր կատարման ենթակա հրահանգի համաձայն՝ պարզաբանումներ կատարելու նպատակով մի խումբ անձանց հետ այցելել է Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոց, որտեղ վիճաբանել են «օրենքով գողի» նախկին փեսայի ու նրա հետ գտնվող մի խումբ անձանց հետ։ Նրանք հասարակության նկատմամբ ցուցաբերել են անհարգալից վերաբերմունք, տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց:
Նշված միջադեպից հետո «օրենքով գողի» նախկին փեսան իր նախկին աներոջից հաշվեհարդար լինելու համար մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի հյուրանոցներից մեկը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել։
ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձերբակալել են «օրենքով գող» երկու անձի և ներկայացրել նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպերի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։