Կիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրը
Կիպրոսը նախատեսում է խստացնել «ոսկե վիզաների» տրամադրման ծրագիրը՝ Շենգենյան գոտի երկրի մտնելուց առաջ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Կիպրոսի միգրացիայի փոխնախարար Նիկոլաս Իոանիդիսը՝ ելույթ ունենալով պետական ծախսերի վերահսկողության հարցերով խորհրդարանական կոմիտեում, հայտնել է Kathimerini-ն։
Իոանիդիսի խոսքով՝ վերջին երկու տարվա ընթացքում իշխանությունները տրամադրել են մոտ 1,5 հազար «ոսկե վիզա»։ Ներկայում մանրամասն ստուգում է իրականացվում մոտ 12 հազար անձնագրի վերաբերյալ, որոնք տրվել են ծրագրի շրջանակում 2013 թվականից ի վեր։ Իշխանությունները մտադիր են համոզվել, որ դրանց սեփականատերերը դեռևս համապատասխանում են սահմանված պահանջներին։
Իոաննդիսը հայտնել է, որ ծրագրի վերանայման անհրաժեշտությունը կապված է նաև Շենգենյան գոտի Կիպրոսի սպասվող մուտքի հետ։ Շենգենին միանալուց հետո ծրագիրը կարող է ավելի գրավիչ դառնալ օտարերկրյա ներդրողների համար, քանի որ դրա մասնակիցները կստանան գոտու երկրների շրջանակում ճանապարհորդելու ավելի լայն հնարավորություններ։
Փոխնախարարը հայտնել է, որ արդեն ներկայացրել է ոլորտային նախարարներին ծրագրի պայմանները փոխելու վերաբերյալ առաջարկություններ։
Կառավարությունը նաև քննարկում է, թե որ ոլորտներ կարող է ուղղվել «ոսկե վիզաների» միջոցով ներգրավված կապիտալը։ Հնարավոր ուղղությունների թվում նշվում են կրթությունը, պաշտպանությունը և նորարարությունները։ «Մեզ ներդրումներ են պետք»,- պատգամավորներին հայտնել է Իոանիդիսը՝ միաժամանակ ընդգծելով, որ դրանք պետք է կատարվեն վերահսկվող պայմաններում։
Բացի այդ, Կիպրոսի իշխանությունները մշակում են նոր տեղեկատվական համակարգ, որը թույլ կտա հետևել երրորդ երկրների քաղաքացիներին կղզում գտնվելու ողջ ժամանակահատվածում։
«Ոսկե վիզաների» ծրագիրը օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն է տալիս ստանալ Կիպրոսում բնակության իրավունք՝ սահմանված ներդրումային պայմանների կատարման դեպքում։