Ինդոնեզիայում մարդատար նավ է խորտակվել. կա 66 զոհ և 69 անհետ կորած
Ինդոնեզիայի Կալիմանտան կղզու ափերի մոտ Virgo Transport 8 ուղևորատար նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի, ևս 69 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է Kompas կայքը՝ հղում անելով Ինդոնեզիայի Ազգային որոնողափրկարարական գործակալության ներկայացուցիչ Սուդայանուին։
«Ըստ ցուցակի՝ նավում եղել է 243 մարդ, որոնցից 174-ը հայտնաբերվել են։ Նրանցից 108-ը ողջ են մնացել, 66-ը զոհվել են, իսկ ևս 69-ի որոնումները շարունակում ենք», — հայտարարել է Սուդայանուն։
Որոնողափրկարարական գործողությունն արդեն 16-րդ օրն է շարունակվում։ Փրկարարները ենթադրում են, որ ուղևորների մի մասը կարող է դեռ գտնվել խորտակված նավի ներսում։ Խորտակման վայր են ուղարկվել ջրասուզակներ, որոնք գտնվում են որոնողափրկարարական նավի վրա։