Starship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է
SpaceX ընկերության Starship տիեզերանավն իր առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է։ Առաքելությունը նախատեսված տասը ժամի փոխարեն տևել է մոտ երեք ժամ։
Ապարատը հաջողությամբ մտել է մթնոլորտ, զբաղեցրել է ուղղաձիգ դիրք և սկսել է վայրէջք կատարել Խաղաղ օվկիանոսում։ Սակայն վայրէջքի պահին, երբ շարժիչները հայտնվել են ջրի տակ, տեղի է ունեցել պայթյուն։ Օվկիանոսի մակերևույթից կրակ է վեր բարձրացել, իսկ օդում ցրվել են տիեզերանավի բեկորները։ Այդ պահը SpaceX-ն ուղիղ եթերով հեռարձակել է X սոցիալական ցանցում։
Առաքելության ընթացքում Starship-ը հաջողությամբ դուրս է եկել ուղեծիր և 26 Starlink ինտերնետ արբանյակ է արձակել։
Սկզբում SpaceX-ը նախատեսում էր, որ թռիչքը կտևի մոտ 10 ժամ և կներառի Երկրի շուրջ մի քանի պտույտ։ Starship-ը իսկապես դուրս է եկել հաշվարկված ուղեծիր և զարգացրել է մոտ 28 հազար կմ/ժ արագություն, սակայն թռիչքի կառավարման մասնագետները որոշել են ռիսկի չդիմել և նավը նախատեսված ժամկետից մի քանի ժամ շուտ վերադարձրել են Երկիր՝ ընդամենը մի քանի պտույտից հետո։
Starship-ը մշակվում է որպես ամբողջությամբ բազմակի օգտագործման տիեզերական համակարգ։ SpaceX-ը նախատեսում է այն օգտագործել արբանյակներն ուղեծիր դուրս բերելու, ինչպես նաև ապագայում դեպի Լուսին և Մարս մոլորակ առաքելությունների համար։