Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը հանրության հետ շփվելու նոր ձևաչափ է մշակել։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը մտադիր է շաբաթ և կիրակի օրերին անակնկալ այցեր իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններ, ինչպես նաև մարզերի քաղաքներ ու գյուղեր՝ տեղում քաղաքացիների տրամադրություններն ու առկա խնդիրները հասկանալու համար։
Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ Փաշինյանը թիմակիցներին անակնկալ հայտնում է, որ պատրաստվում է գնալ որևէ վարչական շրջան կամ բնակավայր, իսկ ցանկացող ՔՊ-ականներն էլ միանում են նրան։ Այսինքն՝ այցերը նախատեսվում է իրականացնել առանց մեծ միջոցառումների, նախապես հայտարարված հանդիպումների կամ բազմամարդ հավաքների։
Մեր տեղեկություններով՝ այս ձևաչափի առաջին «փորձարկումը» տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Արաբկիր վարչական շրջանում։
Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական թիմակիցների հետ շրջել է Արաբկիրում, զրուցել քաղաքացիների հետ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրներն ու ծանոթացել իրավիճակին։ Շրջայցին մասնակցել են ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Լևոն Լևոնյանը, Միքայել Խաչատրյանը, Արմեն Խաչատրյանը և այլ ՔՊ-ականներ։ Շրջայցը կազմակերպվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանի գլխավորությամբ։
Ուշագրավ է հատկապես Արաբկիրի ընտրությունը։
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Փաշինյանի՝ Արաբկիր կատարած այցը բավական լարված էր։ Վարչապետի հետ քաղաքացիների շփումը վերածվել էր սուր միջադեպերի, իսկ հատկապես մեծ արձագանք էր ստացել բժիշկ Սողոյանի հետ տեղի ունեցած վիճաբանությունը։ Այդ այցը նաև ուղիղ եթերով էր հեռարձակվում, ինչի արդյունքում միջադեպերը լայնորեն տարածվեցին։
Ըստ մեր աղբյուրների՝ իշխանության ներսում հիմա կարևոր է հասկանալ, թե ընտրություններից հետո ինչ է կատարվում հանրության շրջանում՝ ինչ խնդիրներ են մարդկանց անհանգստացնում, ինչ տրամադրություններ են ձևավորվել և, հատկապես, ինչ վերաբերմունք կա իշխանության նկատմամբ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։