ԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոնները
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նախատեսում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների համար նախատեսված հաստիքների թիվը։
Ըստ Fox News-ի՝ Հեգսեթը կրճատման ծրագիրը հաստատել է սեպտեմբերի սկզբին։ Այն վերաբերում է ԱՄՆ ցամաքային զորքերին, ռազմածովային և ռազմաօդային ուժերին, ինչպես նաև համատեղ զինված ուժերի հաստիքներին։ Կրճատումները պետք է ավարտվեն մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։
Նշվում է, որ խոսքը գործող գեներալների և ծովակալների զանգվածային հեռացման մասին չէ։ Որոշ հաստիքներ կարող են իջեցվել ավելի ցածր զինվորական աստիճանի, իսկ մյուսները՝ ամբողջությամբ վերացվել։
Նոր ծրագիրը կրկնապատկում է նախորդ տարվա 10% կրճատման թիրախը։ Հեգսեթը նման փոփոխությունները ներկայացնում է որպես զինված ուժերի ղեկավարության կառուցվածքը պարզեցնելու և բարձրագույն հրամանատարական օղակների ավելորդ հաստիքները կրճատելու միջոց։