Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի Ավանի մասնաճյուղը
Այսօր Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի Ավանի մասնաճյուղը։ Բացման արարողությանը ներկա էին նաև ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը և իտալացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հարձակվող Ֆաբրիցիո Ռավանելին։
«Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ խոշոր եվրոպական ակումբի ֆուտբոլային ակադեմիայի բացումը լայն հնարավորություններ է ստեղծում մեր երեխաների համար, որոնք սիրում են ֆուտբոլ, ուզում են զբաղվել ֆուտբոլով և ուզում են դրանով զբաղվել պրոֆեսիոնալ ձևով։ Կարծում եմ՝ սա շատ լավ սկիզբ է նաև Հայաստանի Հանրապետության հավաքականի ֆուտբոլային ապագայի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ Երևանում բացված «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի ծրագրերում արդեն շուրջ 700 երեխա է ներգրավված. ակադեմիայի ծրագրերը նախատեսված են տարբեր տարիքային խմբերի համար՝ սկսած 2 տարեկանից։
«Տարբեր տարիքային խմբերի այդ երեխաներն անցնում են այն ինտենսիվ պարապմունքները, որոնք կանցնեին Իտալիայում կամ եվրոպական մեկ այլ խոշորագույն ակումբի ակադեմիայում։ Շատ ուրախալի է, որ սա տեղի է ունենում հենց Երևանում»,- հավելեց քաղաքապետը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան էլ նշեց` Երևանում բացված «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան սոցիալական բաղադրիչ ունի, և տաղանդավոր երեխաները հնարավորություն կունենան այնտեղ անվճար սովորելու։