ՌԴ Անվտանգության խորհուրդը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը կապել է ԵՄ-ին մերձենալու քաղաքականության հետ
Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտին միանալը կապված է Երևանի՝ Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ տարվող քաղաքականության հետ, հայտարարել են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունում։
Նշվել է, որ փաստաթղթի վավերացման ժամանակ Հայաստանի իշխանություններն իրենց որոշումը հիմնավորել են հակամարտությունների սրման ժամանակ կատարված հանցագործությունների միջազգային հետաքննության հնարավորությամբ։ Սակայն, ըստ Անվտանգության խորհրդի ունեցած տեղեկությունների, հանրապետությունը դեռևս նման հետաքննություն չի նախաձեռնել։
Անվտանգության խորհրդի աշխատակազմում նաև հայտարարել են, որ ՄՔԴ-ի իրավազորության ճանաչումը Եվրամիությանն անդամակցել ձգտող պետությունների համար հիմնական քաղաքական պայմաններից մեկն է:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդում հիշեցրել են նաև դատարանի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշումը՝ նրա գործունեությունն անվանելով քաղաքականացված։
2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը․ փաստաթղթին կողմ է քվեարկել 60 պատգամավոր, դեմ՝ 20-ը։ Երևանը որոշումը, ի թիվս այլ պատճառների, բացատրել էր Ադրբեջանի հետ սահմանին լարվածության պայմաններում անվտանգության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությամբ։