Դուբայից թռչող չվերթի ժամանակ տագնապի կոդն ակտիվացվել է թռիչքի ընթացքում երկու օդաչուի միջև ծագած վեճի պատճառով
Flydubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում՝ առևանգման մասին ազդանշանից հետո:
Flydubai-ի օդաչուները թռիչքի ընթացքում կռվել են միմյանց հետ․ մեկը Ռուսաստանից էր, մյուսը՝ Ուկրաինայից։ Այսպես են պնդում իսրայելական լրատվամիջոցները։
Թռիչքի ուղևորուհի Միրիամը պատմել է, որ ինքնաթիռում օդաչուների խցիկից ճիչեր են լսվել։ Երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել, իսկ օդաչուներից մեկը, ենթադրաբար, վիրավորվել է դանակով հարվածից։
Իսրայելցի ուղևորները, անձնակազմի հետ միասին, վնասազերծել են հարձակվողին։ Դրանից հետո ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել։
Սակայն Flydubai-ն հայտարարել է, որ ուղևորների անվտանգությանը վտանգ չի սպառնացել։
Մեկ այլ վարկածի համաձայն՝ օդաչուն փորձել է կործանել ինքնաթիռը՝ կտրուկ ուղղելով այն դեպի ներքև։ Սակայն նրա գործընկերը փորձել է կանգնեցնել նրան և վիրավորվել է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դուբայից Թել Ավիվ չվերթ իրականացնող էմիրաթական Flydubai ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը առևանգման մասին ազդանշան է տվել։
Ըստ տեղեկությունների՝ օդաչուները փոխանցել են 7700 կոդը, որը ազդարարում է ինքնաթիռում արտակարգ իրավիճակի մասին, այնուհետև փոխանցվել է 7500 կոդը, որը հայտնում է ինքնաթիռի առևանգման մասին։ Դրանից հետո կապն ինքնաթիռի հետ կորել է։