Բրիտանիայի վերադարձը ԵՄ հիանալի նորություն կլիներ. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական Միություն հնարավոր վերադարձն անվանել է «հիանալի նորություն» և «լավ որոշում»։ Դրա մասին նա հայտարարել է չորեքշաբթի Մադրիդում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է France 24-ը։
«Եթե Մեծ Բրիտանիան որոշի վերադառնալ Եվրամիություն, դա հիանալի նորություն և լավ որոշում կլինի»,- ասել է Մակրոնը։
Նրա հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը հայտարարել է երկրի՝ ԵՄ-ի հետ ապագա հարաբերությունների տարբեր տարբերակները քննարկելու անհրաժեշտության մասին, ներառյալ միություն լիովին վերադառնալու հնարավորությունը։ Բերնհեմն նշել է, որ Լոնդոնը պետք է ուսումնասիրի բոլոր հասանելի տարբերակները՝ ավելի սերտ համագործակցությունից մինչև ԵՄ-ում անդամակցության վերականգնում։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նույնպես հայտարարել է, որ ուրախ կլիներ Մեծ Բրիտանիայի վերադարձին Եվրամիություն։ Ըստ նրա՝ երկիրը հետ կընդունեին «բաց գրկով»։
Մակրոնը խոսել է նաև իր մոտեցման մասին այն հարցում, ինչը նա անվանել է ժողովրդավարության ճգնաժամ և քաղաքական «ծայրահեղությունների» աճ։ Ըստ նրա՝ պատասխաններից մեկը պետք է դառնա լայնածավալ ներդրումային ծրագիր՝ «ավելի ուժեղ Եվրոպա» ստեղծելու համար։
Հայտարարությունները հնչել են Մակրոնի՝ Իսպանիա երկօրյա պետական այցի սկզբում։ Ֆրանսիայի նախագահը կնոջ՝ Բրիժիտի հետ միասին երեքշաբթի Rolls-Royce ավտոմեքենայով ժամանել է Մադրիդի թագավորական պալատ՝ թագավորական հեծելազորի ուղեկցությամբ։ Մակրոնին և նրա կնոջը ռազմական նվագախմբի հնչյունների և հրետանային համազարկերի ներքո դիմավորել են Ֆիլիպ VI թագավորն ու Լետիսիա թագուհին։
Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս է եկել 2020 թվականին՝ 2016 թվականի հանրաքվեից հետո։ Այժմ Էնդի Բերնհեմի կառավարությունը մտադիր է վերանայել միավորման հետ հարաբերությունները։ Ընդ որում, առայժմ խոսքը մի քանի տարբերակների քննարկման մասին է, ոչ թե ԵՄ վերադարձի ընթացակարգի անհապաղ մեկնարկի։