Այսօրվանից ստանձնել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պատասխանատու պաշտոնը․ Ռուբինյանը նոր նշանակում է արել
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով և հիմք ընդունելով Ա. Մարտիրոսյանի 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դիմումը` կարգադրում եմ.
1. 2026 թվականի հոկտեմբերի 1-ից Արթուր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ»,- ասված է Ռուբինյանի ստորագրած կարգադրության մեջ:
Մարտիրոսյանն իր հերթին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է իր նշանակման մասին։
Նա, մասնավորապես, նշել է․
«Սիրելի ընկերներ, գործընկերներ, հայրենակիցներ,
Սիրով տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնել եմ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պատասխանատու պաշտոնը։ Վստահ եմ, որ պարոն Ռուբինյանի առաջնորդությամբ և պարոն Համբարյանի անմիջական ղեկավարությամբ ԱԺ և բոլոր մյուս գործընկերների հետ փորձելու եմ անել առավելագույնը 9-րդ գումարման Ազգային ժողովի արդյունավետ գործունեությանը նպաստելու համար՝ ի դեմս ինչպես աշխատակազմի բնականոն գործունեության ապահովման, այնպես և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման։
Ինչպես հանրային կառավարման իմ նախընթաց պաշտոնում՝ պատիվ ունեմ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբինյանի մեկ այլ կարգադրությամբ՝ Հեղինե Խաչիկյանն ազատվել էր ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։