Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով
Դատախազ Հայկ Ավետյանը միջնորդեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի նկատմամբ պատիժ նշանակել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը և լրացուցիչ պատիժ՝ 3 տարի ժամկետով հանրային գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկումը։
Նա միջնորդեց նաև խափանման միջոցը պահպանել մինչև դատական ակտի վերջնական ուժի մեջ մտնելը։
Ղազարյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանի գնահատմամբ, դատախազը չափազանց խիստ պատիժ է առաջարկում։
Նա նշեց, որ դատական պրակտիկայում չի գտել մի այսպիսի գործ, որի դեպքում նշանակվել է առավելագույն պատիժ։ Նա նկատեց, եթե դատախազի միջնորդությունը բավարարվի, ապա դա կնշանակի քաղաքական հակառակորդների մեկուսացում։
Ռուբեն Մելիքյանը նշեց, որ բողոքարկելու են վերդիկտը։
Դատարանն այս պահին հեռացել է խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակվի մոտ մեկ ժամից։