Ադրբեջшնցին կնոջը կրшկել է նրա երեխաների ներկայությամբ, կինն ինքնապաշտպանվել է դшնшկով. Նոր մանրամասներ
Ադրբեջանցի զինծառայողն ավտոմատով զինված մուտք է գործել Սյունիքի Շաքի գյուղի տներից մեկն ու վնասել տանտիկնոջը՝ նրա երեք երեխաների ներկայությամբ: Այս մասին «Ազատություն» ՌԿ-ին հայտնել է Շաքիի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը՝ պատմելով ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ զինված միջադեպի մասին։
«Բռնեցին, տարան իրավապահները, չեմ կարա ասեմ կրակել է, թե ուրիշ-կտրող ծակող գործիքով է հարվածել: Մենք որ մտանք դեպքի վայր, արյան հետքեր տեսանք, բայց կնոջ կյանքին վտանգ չի սպառնում», - հայտնել է գյուղապետը:
«Արմլուր»-ի տեղեկություններով էլ հայ կինը դանակով հարվածել է ադրբեջանցի զինծառայողին՝ այդ կերպ փորձելով ինքնապաշտպանվել։
Հիշեցնենք, որ կատարվածի վերաբերյալ քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկած ԱԱԾ-ն.
Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։