Բերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստի
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու Արտաշատ խոշորացված համայնքի Բերքանուշ բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, հետիոտնը տեղում մահացել է։
Մինչ կժամաներ քննչական խումբը, պարեկները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 73-ամյա Գագիկ Ն.-ն է։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրարեթի կատարած և դեպքի վայրը լքած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։