ԱՆԻՖ-ի քրեական վարույթի շրջանակներում իրավաբանական օգնության համար դիմում են ներկայացրել Սինգապուր և ԱՄՆ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ԱՆԻՖ-ի քրեական վարույթի շրջանակներում իրավաբանական օգնության համար դիմում են ներկայացրել Սինգապուր և ԱՄՆ։ Եվ ահա լրացել է 1 տարին, ու մինչ օրս չի հայտնաբերվել հետախուզման մեջ գտնվող ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը։ Ինչպես հայտնի է, 2025 թվականի սեպտեմբերի 5-ին հրապարակվեց, որ հայաստանցի իրավապահները միջազգային հետախուզում են հայտարարել ԱՆԻՖ-ի նախկին տնօրենի նկատմամբ։ Դավիթ Փափազյանին հայտնաբերելու դեպքում կկալանավորեն։
2025 թվականին Քննչականը մեղադրանք առաջադրեց Հայաստանից հեռացած Փափազյանին, պետական հիմնադրամի դուստր ընկերության նախկին տնօրենին, նաև՝ 1.5 միլիարդ դրամ ներդրում ստացած «Սի Էֆ Դաբլյու» ընկերության տնօրենին, որի մասով գործը անջատվել ու քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
Փափազյանը մեղադրվում է միանգամից երեք՝ փողերի լվացման, ծառայողական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։ Այս քրեական վարույթի շրջանակներում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհուրդը 2.5 տարի գլխավորած Երևանի քաղաքապետը՝ Տիգրան Ավինյանը, հարցաքննվել է։ Այս հիմնադրամը ստեղծվեց 2019-ին, լուծարվեց հինգ տարի անց՝ ձախողելով մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր։
Իրավապահներն այս գործը քննում են արդեն երկու տարի, կասկածներ ունեն, որ պետական բյուջեից հատկացված միլիարդները իրենց նպատակին չեն ծառայել։ Մինչ իրավապահները գաղտնապահ են, այս տարիների ընթացքում հետաքննող լրագրողները պարզեցին, որ ԱՆԻՖ-ի հիմնադրումից 8 օր անց 1.5 միլիարդ դրամ էր փոխանցվել Ավինյանի կնոջ ընկերուհու ընկերությանը, հենց այդ ընկերուհին է այժմ մեղադրյալներից մեկը, հիմնադրամը նաև 960 միլիոն դրամ հատկացրել էր Ավինյանի դասարանցու ընկերությանը»։