Զաքիր Հասանովը և Յաշար Գյուլերը օկուպացված Շուշիում քննարկել են ռազմավարական դաշնակցությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը քննարկել է ռազմական համագործակցության ընդլայնման հարցը Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։
Ինչպես հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, օկուպացված Շուշի քաղաքում կայացած հանդիպման ընթացքում նշվել է երկու երկրների միջև եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների դինամիկ զարգացումը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական ոլորտում։
Հատուկ ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասշտաբների ընդլայնումը գտնվում է երկու երկրների ղեկավարների մշտական վերահսկողության ներքո։
Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղիների հարցերը։