Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
Սեպտեմբերի 30-ին Դիլիջան քաղաքում հուղարկավորել են 1953թ․ ծնված Սուսաննա Հակոբյանին, որը երկար տարիներ դասվար է աշխատել Դիլիջան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում։ Դպրոցի ֆեյսբուքյան էջում ուսուցչուհու հիշատակին բազում հուզիչ գրառումներ են։ Դիլիջանի թիվ 4 դպրոցի տնօրեն Էրիկա Սևանյանից տեղեկացանք, որ Ս․ Հակոբյանը դպրոցում սերունդներ է կրթել, սակայն մոտ մեկ տարի առաջ նա կաթված է ստացել, առողջական վատ վիճակի հետևանքով այլևս չի կարողացել դպրոցում աշխատել։
Սուսաննա Հակոբյանը բնակվում էր որդու, հարսի հետ, իսկ ամուսինը Ռուսաստանում է գտնվում։ Դիլիջանում տարածված լուրերի համաձայն՝ վաստակաշատ ուսուցչուհուն սպանել է համատեղ բնակվող որդին, որն արհեստավոր է աշխատում։ Որդին չի մասնակցել մոր թաղմանը, նա մոր սպանության կասկածանքով ձերբակալված է։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանից տեղեկացանք, որ քրեական վարույթի շրջանակում նշված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածով (սպանություն): Նա կալանավորված է։