Ռուսաստանը հարվածել է Մոլդովա-Ուկրաինա սահմանին գտնվող անցակետին. կա վիրավոր
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող մոլդովական «Պալանկա» անցակետի մոտ արկ է ընկել։ Արկը հարվածել է շլագբաումի մոտ կանգնած երթուղային ավտոբուսին և սահմանային վերահսկողության խցիկին։
Սահմանապահ ոստիկանության աշխատակիցը թեթև վիրավորում է ստացել, հայտնում է մոլդովական TV8-ը։
«Պալանկա — Մայակի — Ուդոբնոյե» անցակետը ժամանակավորապես փակվել է։ Տարածքում տրանսպորտային երթևեկությունը դադարեցվել է, իսկ սահման ուղևորվող մեքենաներն ուղղորդվում են դեպի «Տուդորա» անցակետ։
Մոլդովական լրատվամիջոցները նշում են, որ արկի ընկնելը տեղի է ունեցել Ուկրաինայի սահմանամերձ տարածքների ուղղությամբ ռուսական հարվածների ակտիվացման ֆոնին: