Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
Սարսափելի հարված երկու ռուսական դրոններով չեզոք ջրերում եգիպտացորեն տեղափոխող, Թուրքիային պատկանող քաղաքացիական նավին։ Դրա մասին գրել էՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Նավի վրա Ադրբեջանի և Հնդկաստանի քաղաքացիներ են եղել: Այս պահի դրությամբ, ցավոք, հայտնի է, որ նավի նավապետը զոհվել է։ Եվս մեկ մարդու ճակատագիրը ճշտվում է։ Հաջողվել է փրկել անձնակազմի տասնմեկ անդամի, նրանցից մեկը վիրավոր է։
Ուկրաինան արդեն բազմիցս առաջարկել է կոնկրետ քայլեր Սև ծովում լարվածության թուլացման և անվտանգության ապահովման համար։ Եղել են նաև առաջարկներ երրորդ երկրներից։ Սակայն Ռուսաստանը հետևողականորեն ընտրում է ահաբեկչությունն ու քաղաքացիական նավերի խորտակումը՝ բնականոն նավագնացության փոխարեն։
Անհրաժեշտ է ճնշում՝ գլոբալ պարենային անվտանգությունը վերականգնելու համար։ Եվ յուրաքանչյուր ոք, ով իսկապես շահագրգռված է դրանում, պետք է օգնի»,- նշել է Զելենսկին։
Այսօր ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Սև ծովում թուրքական նավի վրա հարձակման մասին: