ՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍ
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել և որսացել են Ուկրաինայի 343 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ԱԹՍ-ները խոցվել են Մոսկվայի տարածաշրջանի, Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի և Տուլայի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի, Ղրիմի Հանրապետության տարածքում և Սև ծովի ջրերում։
ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքերը հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են 08։00-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում՝ Մոսկվայի ժամանակով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրության մեջ ԱԹՍ-ները բնութագրել է որպես «ինքնաթիռային տիպի» անօդաչու թռչող սարքեր։