Ներմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանը
Ասիայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ցորենի խոշորագույն ներմուծողները, որոնք կախված են Սևծովյան տարածաշրջանից մատակարարումներից, բախվել են մատակարարումների ապահովման դժվարությունների, հայտնում է Reuters-ը։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում համաշխարհային գնորդների մեծ մասը ձեռնպահ էր մնում այլընտրանքային գնումներից՝ սպասելով Ազովա-Սևծովյան ավազանում իրավիճակի հանգուցալուծմանը, սակայն տեղական հացահատիկի պաշարները սպառվում են, հատկապես ներմուծումից կախված Ասիայում, հայտնում են թրեյդերներն ու վերամշակողները։
Ըստ ալեքսանդրիացի թրեյդեր Հեշամ Սոլիմանի՝ Եգիպտոսում բազմաթիվ ալրաղացներ աշխատում են հզորության ընդամենը 30%-ով՝ սպասելով գների նվազմանը, հայտնում է «Ագրոէքսպորտ»-ը։ Ինդոնեզական որոշ ալրաղացներ ստիպված են դիմելու Ավստրալիային և ավստրալական ցորենի համար վճարելու մոտ 20–25%-ով ավելի, քան Սևծովյան տարածաշրջանի ցորենի համար։ Մյուսներն անցել են ավելի փոքր ծավալի մատակարարումների՝ անմիջական դեֆիցիտը հաղթահարելու համար։ Բեռների համար մրցակցությունը կարող է սրվել մինչև տարվա վերջ, իսկ միջազգային գները, հնարավոր է, շարունակեն աճել։