«Դուք, որ գերազանց եք տիրապետում հայերենին՝ ո՞ւմ է պետք, եթե այդ իմացությամբ Արցախ եք հանձնում». Աննա Գրիգորյանը հակադարձեց Ռուբինյանին
«Ձեր հայերենը որ իդեալական է, դրա օգուտը ո՞րն է, եթե ձեր կառավարման ժամանակահատվածում Արցախը հանձնվել է, ադրբեջանցին գալիս է և մեր հայրենակցին է վնասում, ձեր հայերենի գերազանց իմացությունը ու՞մ է պետք այստեղ»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ դիմելով ԱԺ ՔՊ-ական նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Անդրադառնալով եկեղեցու ներքին հարցերին վերաբերող քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցին, որն ընդգրկված է այսօրվա նիստի օրակարգում, Աննա Գրիգորյանը պահանջեց նշել, թե որոնք են դրա իրավական հիմքերը։
«Ազգային ժողովի օրակարգում ներառված է մի հարց, որը վերաբերում է եկեղեցու ներքին հարցերին: Քննիչ հանձնաժողով եք ձևավորում: Մենք դա համարում ենք հակասահմանադրական և ունենք դրա բոլոր հիմքերը։ Կրոնական կազմակերպությունների և պետության հարաբերությունները կարգավորող օրենսդրության 17-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության եկեղեցին անջատված է պետությունից, և պետությունը չի միջամտում եկեղեցու ու կրոնական կազմակերպությունների ներքին կյանքին»,- ասաց ընդդիմադիր գործիչը։