Մոսկվայում «3+3» ձևաչափով էներգետիկ համագործակցության հանդիպում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ
Մոսկվայում հոկտեմբերին կանցկացվի Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ «3+3» տարածաշրջանային ձևաչափով էներգետիկայի հարցերով առաջին հանդիպումը, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Նրա խոսքով՝ էներգետիկ համագործակցության հարցերով հանդիպումը կանցկացվի «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակում։
Կալուգինը նշել է, որ «3+3» ձևաչափում գործնական համագործակցությունն ընդլայնվում է։ Հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում գործարկվել է հարթակի փորձագիտական ուղղությունը՝ տարածաշրջանի բոլոր վեց երկրների, այդ թվում՝ Վրաստանի քաղաքագետների մասնակցությամբ։
«Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափի մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հաջորդ նիստի անցկացման վայրին, այժմ Բաքուն և Երևանը պետք է որոշեն։ Պատրաստ ենք գործընկերներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել», – նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
«3+3» ձևաչափը միավորում է Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին, Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային։ Միևնույն ժամանակ, Վրաստանը դեռևս պաշտոնական մակարդակով չի մասնակցում հարթակի աշխատանքներին, թեև նրա ներկայացուցիչները մասնակցում են փորձագիտական միջոցառումներին։
«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերին Ստամբուլում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը տրանսպորտի, էներգետիկայի, առևտրի, ներդրումների և տարածաշրջանային կապակցվածության ոլորտներում։