Դաժան տեսանյութի ուսուցչուհուն ազատելու են աշխատանքից. որ դպրոցում են ծեծել 2-րդ դասարանի աշակերտուհուն
Երեկ shamshyan.com-ի տարածված տեսանյութը, որտեղ Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում տարրական դասարանի ուսուցչուհին դաժանաբար ծեծում է աշակերտուհուն, իշխանության ներսում լուրջ արձագանք է ստացել։
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Մարտունի համայնքի Վարդաձորի դպրոցներից մեկում, իսկ տեսանյութի տարածումից հետո պետական կառույցներում քննարկվել է ուսուցչուհու հետագա պաշտոնավարման հարցը։
Մեր տեղեկություններով՝ ուսուցչուհին տարիներ շարունակ աշխատել է տվյալ դպրոցում։ Սակայն աշակերտուհու նկատմամբ բռնության տեսանյութի տարածումից հետո նրա վարքագիծը հայտնվել է համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ուսուցչուհին Գեղարքունիքի մարզպետարանից ստացել է խիստ նկատողություն, իսկ դեպքի վերաբերյալ համապատասխան գրություն է ուղարկվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
Եվ, ըստ մեր բացառիկ տեղեկությունների, նախարարությունում արդեն որոշում կա՝ դաժան ծեծի տեսանյութում հայտնված ուսուցչուհուն ազատել աշխատանքից։