Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը Կառուցապատողների հայկական ասոցիացիայի առաջարկով Արդարադատության նախարարության պատասխանատուների հետ համատեղ անցկացրել է քննարկում, որին մասնակցել են կառուցապատողներ, սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ։
Հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ասոցիացիան որոշակի մտահոգություններ է ներկայացրել Հանձնաժողովի բարձրաձայնած և Արդարադատության նախարարության կողմից նոտարներին ուղղված շրջաբերականի առնչությամբ, որով նրանք տեղեկացվել են, որ գնման իրավունքի պայմանագրերում և փոխանցման ակտերում չեն կարող տեղ գտնել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով արգելված անարդար պայմաններ։
Տիգրան Մարկոսյանը հավելել է, որ հանձնաժողովը պարբերաբար սպառողներից բողոքներ էր ստանում այն մասին, որ այդ փաստաթղթերում իրենց պարտադրվում են հրաժարվել մի շարք իրավունքներից, ինչպես օրինակ՝ տույժերից ու տուգանքներից, վերահաշվարկի իրավունքից, գույքի հնարավոր անհամապատասխանության մասով պահանջների ներկայացումից և այլն։
Կառուցապատողները մասնավորապես նշել են, որ նոր խաղի կանոններ են սահմանվել, որոնք իրենց համար հստակ և հասկանալի չեն, իսկ նոտարները հաճախ տարբեր կերպ են մեկնաբանում միևնույն դրույթները։
ԱՆ գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանն ընդգծել է, որ որևէ նոր սկզբունքային կանոնի փոփոխություն տեղի չի ունեցել։ Նախարարությունը, անսալով Հանձնաժողովի բարձրացրած մտահոգություններին, ընդամենը շրջաբերականով նոտարներին հիշեցրել է, որ նրանք պետք է իրենց կողմից վավերացվող գործարքներում պահպանեն ի սկզբանե գործող կարգավորումները։
Անդրադառնալով առանձին դրույթների՝ օրենքին համապատասխանելու կամ չհամապատասխանելու շուրջ տարաբնույթ մեկնաբանություններին՝ պաշտոնյաները նշել են, որ մշտապես բաց են և պատարաստակամ քննարկելու բոլոր խնդրահարույց դեպքերը՝ առաջարկելով կառուցապատողներին հստակ գույքագրել և ներկայացնել դրանք։
Տիգրան Մարկոսյանը նաև հավելել է, որ հանձնաժողովն ունի եզրակացությունների տրամադրման ինստիտուտ, և յուրաքանչյուր տնտեսվարող անվճար կարող է դիմել և ստանալ hանձնաժողովի գնահատականը կոնկրետ իրավիճակների վերաբերյալ։