Հնդկաստանը Ուկրաինային և Ռուսաստանին ներկայացրել է հրադադարի սեփական ծրագիրը
Հնդկաստանը Ուկրաինային և Ռուսաստանին ներկայացրել է հրադադարի սեփական ծրագիրը, որը Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան առաջարկված տարբերակներից անվանել է ամենաընդգրկունը։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Hindustan Times-ը։
Ծրագիրը նախատեսում է դադարեցնել հարվածները էներգետիկ օբյեկտներին և այլ ենթակառուցվածքներին, ապահովել Սև ծովի նավահանգիստներով հացահատիկի և էներգակիրների անխափան մատակարարումները, ինչպես նաև հրաժարվել առևտրային նավագնացության դեմ հարձակումներից։
Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան նախաձեռնությունը հիմնականում կենտրոնացած է էներգետիկ հրադադարի վրա, մինչդեռ Եգիպտոսի և Թուրքիայի առաջարկները, առաջին հերթին, վերաբերում են Սև ծովում նավագնացության անվտանգությանը և հացահատիկի մատակարարումներին։ Հնդկական տարբերակը միավորում է այս երկու ուղղությունները։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը նախաձեռնությունը Ուկրաինայի ղեկավարությանը ներկայացրել է սեպտեմբերի 3-ին Կիև կատարած այցի ընթացքում։ Մոսկվայի և Կիևի արձագանքը ծրագրին պաշտոնապես չի հրապարակվում, սակայն, ըստ աղբյուրների, խորհրդակցությունները շարունակվում են։