Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կենսաբազմազանության պահպանման ու վայրի կենդանիների բարեկեցության ապահովման նպատակով, շարունակում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների պահման պայմանների և իրավական հիմքերի վերահսկողության գործընթացը։
«Հոկտեմբերի 6-ին Տեսչական մարմնի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցներն Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման տարածքից, համապատասխան թույլտվության բացակայության հիմքով, վերցրել են 2 գորշ արջ։
Կենդանիները տեղափոխվել են Հիմնադրամի Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի ներքո։
Հիշեցնում ենք՝
Վայրի կենդանիների անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելը թույլատրելի է բացառապես լիազոր մարմնի կողմից համապատասխան թույլտվությունների առկայության դեպքում»,-նշված է հաղորդագրության մեջ։