Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանն անդրադարձել է համացանցում երեխաների և դեռահասների թիրախավորմանը, սեռական շորթման (սեքսթորշն) երևույթին և արհեստական բանականության միջոցով իրականացվող շանտաժներին:
Վարչության պետի պարզաբանմամբ՝ սեռական շորթումը երևույթ է, երբ չարագործը սպառնում է հրապարակել կամ տարածել անձի սեռական բնույթի նյութերը (հաղորդագրություններ, մերկ լուսանկարներ կամ տեսանյութեր), եթե զոհը չկատարի իր պահանջները։ Պահանջները կարող են տարաբնույթ լինել՝ նոր լուսանկարների տրամադրումից մինչև դրամական միջոցներ։
«Պահանջները կարող են լինել տարաբնույթ՝ նոր լուսանկարների տրամադրումից մինչև դրամական միջոցներ։ Ժամանակակից ԱԲ գործիքների միջոցով հանցագործները կարող են ստեղծել կեղծ, բայց խիստ իրական թվացող լուսանկարներ կամ տեսանյութեր նույնիսկ այն դեպքում, երբ անչափահասը երբևէ մերկ լուսանկար չի արել և ուղարկել այլ անձի։ Դա ևս կարող է դառնալ շանտաժի առարկա։
Նման իրավիճակում հայտնվելով՝ երեխաները հաճախ լռում են, քանի որ վախենում են ծնողների արձագանքից, այն է՝ որոշակի արգելքներից։
Վստահեցրե՛ք ձեր երեխային, որ խնդիրներ ունենալիս կարող է դիմել ձեզ՝ առանց պատժվելու վախի։
Բացատրեք, որ համացանցում շատ են տարաբնույթ վտանգները, ուստի չի կարելի հաղորդակցվել անծանոթ անձանց հետ, իսկ նմանատիպ պահանջի դեպքում անհապաղ պետք է դիմի ձեզ։
Սիրելի՛ քաղաքացիներ, կարևոր մի հանգամանք ևս․ եթե ձեր երեխան դարձել է նման հանցագործության զոհ, անպայման դիմեք իրավապահ մարմիններին»: