Իսպանիայի խոշորագույն արհմիությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել բնակարանային ճգնաժամի պատճառով
Իսպանիայի խոշորագույն արհմիությունները հայտարարել են նոյեմբերի 11-ին համընդհանուր գործադուլ անցկացնելու մասին՝ ի նշան բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի, հայտնում է BBC News-ը։
Ակցիան կանցկացվի արտահերթ խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ, որոնց ընտրարշավի ընթացքում վարձավճարների աճն ու վտարումները դարձել են նախընտրական գլխավոր թեմաներից մեկը։
UGT և CCOO արհմիությունները պայմանավորվել են գործադուլի օրվա շուրջ։ Որոշումը դեռ պետք է պաշտոնապես հաստատեն մյուս արհմիութենական կազմակերպությունները՝ չորեքշաբթի նախատեսված հանդիպման ժամանակ։ Եթե բողոքի ցույցը տեղի ունենա, դա կլինի վերջին 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը, որին համատեղ աջակցել են երկրի երկու խոշորագույն արհմիությունները։
Գործադուլը կլինի բողոքի ակցիաների շարքի շարունակությունը, որոնք հարուցվել են Մադրիդում 87-ամյա կնոջը իր բնակարանից վտարելու պատճառով։ Ակտիվիստները ճամբար են խփել մայրաքաղաքի գլխավոր հրապարակներից մեկում՝ իշխանություններից պահանջելով միջոցներ ձեռնարկել բնակարանային խնդիրը լուծելու համար։
Դժգոհությունն ուժեղացավ այն բանից հետո, երբ խորհրդարանն անցյալ շաբաթ մերժեց կառավարության որոշումները, որոնք ուղղված էին վտարումները սահմանափակելուն և վարձավճարների աճը զսպելուն։ Այս ֆոնին վարչապետ Պեդրո Սանչեսը արտահերթ ընտրություններ նշանակեց նոյեմբերի 29-ին։
Կառավարության ղեկավարը փորձում է բնակարանային ճգնաժամը դարձնել նախընտրական արշավի կենտրոնական թեմաներից մեկը՝ այն ֆոնին, երբ իշխանությունները քննադատության են ենթարկվում Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա անկլավում միգրացիոն իրավիճակի, ինչպես նաև կոռուպցիոն մի շարք գործերի պատճառով, որոնք առնչվում են Սոցիալիստական կուսակցությանը և վարչապետի ընտանիքին։
Իսպանիայի բանկի գնահատմամբ՝ երկրում պակասում է մոտ 750 հազար բնակելի միավոր։ Մինչև 2028 թվականը պակասուրդը կարող է գերազանցել 1 միլիոն տուն և բնակարան։
Բնակարան գնելու անհասանելիության պայմաններում ավելի ու ավելի շատ իսպանացիներ ստիպված են այն վարձակալել, ինչը մեծացնում է ճնշումը վարձակալության շուկայում։ Իսպանական երիտասարդական խորհրդի տվյալներով՝ միջին վարձավճարը կազմում է ամսական 1 176 եվրո՝ Իսպանիայում երիտասարդի միջին ամսական աշխատավարձի մոտ 98,7%-ը։
«Մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ բնակարանը խլում է մեր աշխատավարձերի մեծ մասը։ Ի՞նչ իմաստ ունի բարձրացնել նվազագույն աշխատավարձը, եթե բնակարանի ծախսերն աճում են երեք, չորս կամ հինգ անգամ ավելի արագ», — հայտարարել է Վարձակալների միության ներկայացուցիչ Վալերիա Ռակուն։