Հայաստանում տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի և Իրանի դեմ. ՌԴ Անվտանգության խորհուրդ
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը նախազգուշացրել է, որ Հայաստանում նոր տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից ելնելով՝ Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների դեմ։
«Նման կենտրոնները կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից ելնելով վերլուծական և հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ»,- լրագրողներին ասել է Շևցովը։
Այսպես նա մեկնաբանել է օգոստոսի սկզբին Հրազդան քաղաքում NVIDIA-ի պրոցեսորներով աշխատող՝ Firebird AI ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնի բացումը։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի կարծիքով՝ հաշվի առնելով, որ Firebird ընկերությունը ենթարկվում է ամերիկյան օրենսդրությանը, ԱՄՆ հատուկ ծառայությունները կարող են հասանելիություն ստանալ նրա սերվերներում մշակվող բոլոր տվյալներին:
«Սա նշանակում է, որ Հայաստանի պետական կառույցների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց հայկական իշխանությունների համաձայնության», — նշել է Շևցովը։