Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները
«Monument Watch»-ը ահազանգում է․
Նախ, տապանաքարի ծավալային և քանդակային լուծումների մասին: Այն հարթ սալ է, ինչպես որ որպես կանոն լինում են գավիթ-տապանատան տապանաքարերը: Պատրաստված է մարմարացված կրաքարից, որն Արցախի կրաքարի հանքերում խիստ եզակի է հանդիպում: Եթե սովորական կրաքարից պատրաստված կոթողները, որոնք կազմում են Արցախի կոթողային հուշարձանների գերակշիռ մեծամասնությունը, հաճախ քայքայվում և կորցնում են հորիվածքների հստակությունը, մարմարացված կրաքարը շատ լավ է պահպանում նախնական քանդակը, ինչը և տեսնում ենք մեր տապանաքարում: Հայտնի չէ, թե երբ և ինչ հանգամանքներում է եռատվել իշխանի տապանաքարը: Ս. Բարխուդարյանը հավանական է համարել, որ դա արել են գանձախույզները (ԴՀՎ 5, 64):
Տապանաքարի արձանագրությունը հայտնում է. «Ա[յս է] հանգիստ մեծին/ Ջալալին: [Յ]աղաւթս/ յիշեցէք: Թվ. :ՊՁ: (1431)»: Այսինքն, այն որևէ առնչություն չունի 1261 թ. եղերական մահով սպանված Հասան Ջալալ Դոլայի հետ: Ջալալ Մեծը նրա ժառանգներից է, ապրել է 15-րդ դարում, նա Ջալալ Մեծ է կոչվում և Մեծարանից սուրբ Հակոբավանքի արձանագրություններից մեկում, որ փորագրվել է նրա որդի՝ Հովհաննես կաթողիկոսի կողմից (ԴՀՎ 5, 18): Նկատենք, որ խաչքարային և տապանաքարային արձանագրության մեջ մահվան թվականի հիշատակումն անունից հետո երկրորդ կարևոր հաղորդումն է, քանի որ ըստ միջնադարյան հայ քրսիտոսաբանական պատկերացումների մահվան թիվն էական է Ժամանակների վերջում հավատացյալի ինքնության հավաստման համար: Թեև Գանձակեցին հստակ հաղորդում է Գանձասարում Հասան Ջալալ Դոլայի մարմինն ամփոփելու մասին («Իսկ զմարմին երանելի առնն… գողացեալ հաւատարմացն իւրոց, և որդւոյ նորա Աթաբակին, բերեալ ամփոփեցին ի գերեզմանատան հարց իւրոց ի Գանձասար, զոր ինքն իսկ շինեաց», Գանձակեցի 1961, 391), վանքում նրա տապանաքարը չկա: Նույնիսկ հետագայում՝ նրա շիրիմին տապանաքար դնելու դեպքում, արձանագրությունում պիտի փորագրվեր նրա մահվան թվականը: Իհարկե այս ամենը չգիտեն ադրագիտպրոպի ներկայացուցիչները, նրանց հիմնական նպատակը հայտարարելն է, թե այդ ամենն աղվանական է: Փաստերը, մասնագիտական գիտելիքը, տարրական բարեվարքությունը այս մարդկանց համար կարևոր չեն:
Այսպիսով, Գանձասարի գավթի հայտնի տապանաքարը ոչ թե Հասան Ջալալ Դոլայի, այլ 15-րդ դարում ապրած Ջալալ Մեծ իշխանի տապանաքարն է, ինչի մասին հստակորեն վկայում է 1431 թվականի արձանագրությունը: Այն կրում է եզակի վարպետությամբ իրականացված հորինվածք, որը խորհրդանշում է Երկրորդ գալուստն ի դեմս Արևի, Լուսնի և Աստղն առավոտի:
Մեր արձագանքը
Միջազգային ժառանգության իրավունքի տեսանկյունից նման ներկայացումները ժառանգության ինքնության խեղաթյուրում են: 1972 թվականի UNESCO-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածները պետություններից պահանջում են ապահովել մշակութային ժառանգության նույնականացումը, պաշտպանությունը, պահպանումը, ներկայացումը և ապագա սերունդներին փոխանցումը։ Այս շրջանակում Նարայի փաստաթուղթը մշակութային ժառանգության իսկությունըկապում է դրա արժեքների արժանահավատ և ճշմարտացի ներկայացման հետ՝ հաշվի առնելով, այդ թվում, նյութը, ձևը, գործառույթը, ավանդույթները, տեղադրությունը և լեզուն։ 2005 թվականի UNESCO-ի Կոնվենցիան ամրագրում է մշակույթների հավասար արժանապատվության և հարգանքի, ինչպես նաև մշակութային բազմազանության պահպանման սկզբունքները, իսկ 2003 թվականի Կոնվենցիան շեշտում է ժառանգության փոխանցումը սերունդների միջև և դրա կապը համայնքների ինքնության ու շարունակականության հետ։ Հետևաբար, հուշարձանի պատմության, վիմագրերի, լեզվի և մշակութային պատկանելության վերաբերյալ չհիմնավորված պնդումների պետական տարածումը կարող է խաթարել դրա իսկության և պատմական արժեքների արժանահավատ ներկայացումը։ Գանձասարի դեպքում նման գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորում, երբ հուշարձանի պատմության վերաձևակերպումը ծառայեցվում է կեղծ ազգային-պատմական նարատիվի ձևավորմանն ու տարածմանը։