Զապորոժիեին կառավարվող ավիառումբերով հարվածելու հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Առավոտյան ռուս զինվորականները վեց կառավարվող ավիառումբով հարվածել են Զապորոժիեին։
«Հակառակորդը հարվածել է բնակելի թաղամասին։ Հարվածներից մեկն ընկել է արտադպրոցական կրթական հաստատության հարևանությամբ», — հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Միխայիլ Սեմիկինը։
Նրա տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ևս հինգը, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել են։ Զապորոժիեի մարզի պաշտպանության խորհրդի ղեկավար Իվան Ֆեդորովն ավելացրել է, որ գնդակոծության հետևանքով վնասվել են մի քանի բազմահարկ բնակելի շենքերի ճակատային հատվածները։
Նախորդ երեկոյան ևս Զապորոժիեն ենթարկվել էր հարձակման։ Անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել էր, ևս 13-ը վիրավորվել էին, այդ թվում՝ երեք երեխա։ Զոհվածը մեքենայով երթևեկելիս է եղել, երբ անօդաչու թռչող սարքը հարվածել է ավտոմեքենային։
Անօդաչու թռչող սարքերից մեկը հարձակվել է նաև Զապորոժիեի մարզային խորհրդի շենքի վրա և հարվածել Ուկրաինայի զինանշանին։