Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է
Բրազիլի Կուրիտիբա քաղաքում ոստիկաններն ազատել են մանկապարտեզ ներխուժած տղամարդու կողմից պատանդ պահվող 13 երեխայի։ Հարձակվողը, որը սպառնացել էր հրդեհել տարածքը, սպանվել է ոստիկանության հատուկ գործողության ընթացքում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պարանա նահանգի հանրային անվտանգության քարտուղարության հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին «Սան Բրազ» նախադպրոցական կրթության կենտրոնում։ Տղամարդը դանակով, հրազենի նմանակով և դյուրավառ նյութով սպառնացել է 4–5 տարեկան երեխաներին։
Մոտ երեք ժամ տևած բանակցություններից հետո հատուկ նշանակության ոստիկանները միջամտել են այն բանից հետո, երբ տղամարդը սկսել է ագրեսիվ վարք դրսևորել երեխաների նկատմամբ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա սենյակում դյուրավառ նյութ էր տարածել և սպառնում էր հրդեհ առաջացնել։
«Կարողացանք չեզոքացնել այդ անձին և փրկել 13 երեխաներին, որոնք փոխանցվել են բուժաշխատողներին ու հրշեջներին»,– հայտնել է ոստիկանության հատուկ առաջադրանքների հրամանատար, գնդապետ Ալեքսանդրե Լոպես Դիասը։