Պետք է խոստովանեմ, որ իրականում իմ արարքի համար զղջացել եմ. պետք է իջեցնեմ այլ «հրահանգ». Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր, հասարակական գործիչ Արթուր Դանիելյանը, որ ֆեյսբուքյան գրառումների պատճառով 2 ամսով կալանավորվել է, ՔԿՀ-ում գրություն է պատրասել, որը հրապարակելվել է իր ֆեյսբուքյան էջում.
«Դատարանում ինձ կալանավորելու և տեսակցություններն արգելելու միջնորդությունը ներկայացնելիս քննիչը պնդեց, որ ես ունեմ ահռելի լսարան, և որ ձերբակալվելուց առաջ հանդգնել եմ «հրահանգ իջեցնել հանրությանը» (մեջբերում եմ բառացի):
Վերջինս նաև հավելեց, որ իմ «հրահանգով» ես պարտադրել եմ հանրությանը «չվախենալ»: Դատարանը փորձեց ինձանից ճշտել՝ արդյո՞ք ես զղջում եմ նման հանդուգն արարքի համար:
Ենթադրում եմ՝ իմ պատասխանը դատավորին չբավարարեց, ինչի հետևանքով էլ նա որոշեց բավարարել ինձ կալանավորելու որոշումը:
Պետք է, սակայն, խոստովանեմ, որ իրականում իմ արարքի համար զղջացել եմ: Ընդ որում, զղջացել եմ գրեթե անմիջապես քննիչի միջնորդությունը լսելուն պես: Զղջացել եմ մինչև կալանավորումս, մինչև «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնվելս: Հետևաբար պետք է իջեցնեմ իմ հաջորդ «հրահանգը»:
«Հրահանգում եմ» վախենալ, ժողովուրդ ջան: Վախը շատ կարևոր է: Ոչնչից չեն վախենում միայն հիմարները: Վախեցե՜ք:
Վախեցեք, որ էս վիժվածքների լափած ամեն մի կոպեկի համար հաշիվը դուք և ձեր երեխեքն եք փակելու: Ես վախենում եմ: Գրեթե 44 օր հրետակոծության տակ եմ եղել, բայց չեմ վախեցել մահանալուց: 2018-ից սկսած 30 անգամ ձերբակալվել եմ, բայց երբեք չեմ վախեցել ազատազրկվելուց: Իսկ ճորտ լինելուց սարսափում եմ...
Ամփոփենք. տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝
1. Չվախենալ վիժվածքներից
2. Վախենալ ճորտ լինելուց
Հարգանքներով՝ ձեր խոնարհ «հրահանգիչ»»։