ՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալ
Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով և տեղեկատվական տարբեր հարթակներով տարածվում են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության, անահատական դեպքերով իրականացված աշխատանքների, ինչպես նաև Պաշտպանին բողոք ներկայացնելու օրենսդրական պահանջների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կամ փաստական անճշտություններ պարունակող տեղեկություններ։
Տարօրինակ է, որ առանձին հրապարակումներում ՄԻՊ հաստատության կողմից լիազորությունների շրջանակում իրականացված աշխատանքների վերաբերյալ ներկայացվում են չհիմնավորված պնդումներ, այդ թվում՝ անգործության մասին, առանց Պաշտպանի աշխատակազմից համապատասխան տեղեկատվություն կամ պարզաբանում ստանալու, ինչը պատասխանատու լրագրության կարևորագույն սկզբունքներից է։
Մասնավորապես, տարածվել է տեղեկատվություն ազատությունից զրկված անձ Ա. Բ.-ի հարցով ՄԻՊ հաստատության անգործության առնչությամբ:
Նշենք, որ ի սկզբանե այս հարցով Պաշտպանի աշխատակազմ է դիմել ազատազրկված անձի փաստաբանը։ Հետագայում Պաշտպանի թեժ գծին ստացվել է նաև հեռախոսազանգ՝ անձի կողմից իրականացվող հացադուլի վերաբերյալ։
Դիմումի հիման վրա ուսումնասիրվել են բարձրացված հարցերը, այդ թվում՝ անձի առողջական վիճակին և անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրմանն առնչվող հանգամանքները։ ՄԻՊ մանդատի շրջանակներում իրականացվել և շարունակվում է իրականացվել ուսումնասիրություն, հարցը գտնվում է Պաշտպանի հաստատության ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Հաշվի առնելով ստացված տեղեկատվության զգայունությունը, ինչպես նաև անձին առնչվող` բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ պարունակելու հանգամանքը, ուսումնասիրության ընթացքն ու արդյունքները չեն ներկայացվում հրապարակային:
Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ փաստաբանին հասցեագրվել է միջանկյալ գրավոր պատասխան։
Անհրաժեշտ է ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները հստակ սահմանված են օրենսդրությամբ և ՄԻՊ-ը չի կարող դատարաններից ու դատավորներից ստանալ բողոքի քննարկման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաև իրավասու չէ միջամտելու դատական վարույթին կամ դատավորների լիազորությունների իրականացմանը կոնկրետ գործով: Այդպիսի հարցերով Մարդու իրավունքների պաշտպանը պահպանում է օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները և չի կարող իրականացնել մանդատից դուրս լիազորություններ:
Մեկ այլ խնդրի առնչվող հրապարակումների համատեքստում ներկայացված են Պաշտպանին բողոք ներկայացնելու օրենսդրական պահանջների վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկություններ, որոնք կարող են մոլորության մեջ գցել Մարդու իրավունքների պաշտպանին դիմող անձանց և բացասաբար անդրադառնալ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ Պաշտպանին դիմելու, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության իրավունքների իրացման վրա։ Մասնավորապես, զանգվածային լրատվության միջոցներից մեկով տարածվել են այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են տպավորություն ձևավորել, թե
Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող անհատական բողոքների առումով, օրինակ` բողոքի ստորագրված լինելու պահանջը ընդամենը ձևական մի բան է, և այդ պահանջը կարելի է չպահպանել:
Հիշեցնում ենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածն ամրագրում է հետևյալը.
«Հոդված 17. Բողոք ներկայացնելու ժամկետները և պահանջները․
1․Բողոքը պետք է Պաշտպանին ներկայացվի մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին:
2.Բողոքը ներկայացվում է գրավոր կամ բանավոր ձևով:
3.Պաշտպանին ներկայացվող բողոքների համար պետական տուրք չի գանձվում:
4.Գրավոր բողոքը պետք է լինի ստորագրված` ներառելով բողոք ներկայացնող անձի ազգանունը, անունը, բնակության վայրը (հասցեն) կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը և հետադարձ կապի վերաբերյալ տվյալներ: Բողոքի համար որևէ այլ հատուկ ձև չի սահմանվում:
5.Առցանց դիմելու կարգը հաստատում է Պաշտպանը:
6.Բանավոր բողոքների բովանդակությունը և սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված տվյալները գրավոր արձանագրվում են Պաշտպանի կամ նրա իրավասու ներկայացուցչի կողմից:
7.Պաշտպանին ներկայացված բողոքը համարվում է բողոք ներկայացրած անձի համաձայնություն և հիմք է անհրաժեշտ անձնական տվյալները Պաշտպանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով ստանալու համար։»
Անրադառնալով Պաշտպանին առցանց բողոքներ ներկայացնելու ընթացակարգին, ֆիզիկական կամ իրավաբանական անձը Պաշտպանին առցանց բողոք կարող է ներկայացնել [email protected] պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ ուղարկելու միջոցով:
Առցանց բողոքը պետք է լինի ստորագրված՝ ներառելով բողոք ներկայացնող անձի ազգանունը, անունը, բնակության վայրը (հասցեն) կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը և հետադարձ կապի համար անհրաժեշտ տվյալներ( հեռախոսահամար և այլն:): Որևէ այլ հատուկ ձև չի սահմանվում:
Վերը նշված պահանջն ինքնանպատակ չէ և լրացուցիչ երաշխիք է տարբեր իրավունքների, այդ թվում` անձնական տվյալների պաշտպանության իրավունքի պատշաճ ապահովման համար:
Անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող այս հանգամանքը հատկապես կարևոր է Հայաստանի Հանրապետության՝ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում ստանձնած հանձնառությունների համատեքստում։
Կարևորում ենք զանգվածային լրատվության միջոցների և այլ վերաբերելի դերակատարների հետ համագործակցությունը և հորդորում ենք բոլոր դերակատարներին Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ հրապարակումներ պատրաստելիս առաջնորդվել փաստերի ճշգրտության և հավաստիության սկզբունքներով՝ անհրաժեշտության դեպքում դիմելով ՄԻՊ աշխատակազմ՝ համապատասխան տեղեկատվություն կամ պարզաբանում ստանալու նպատակով։