«Ո՞վ է գնահատելու վնասը, երբ շինություններն արդեն քանդված են». տնտեսվարող
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում շարունակվում են կրպակների ապամոնտաժման աշխատանքները։ Տնտեսվարողներից մեկը դժգոհություն է հայտնել գործընթացի կազմակերպման վերաբերյալ՝ մտահոգություն հայտնելով, որ շինությունների քանդումից հետո իրենց կրած վնասը գնահատելու և ապացուցելու խնդիրներ կարող են առաջանալ։
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ նախքան ապամոնտաժումը պետք է համապատասխան մասնագետները գնահատեին շինությունների արժեքը, իսկ տնտեսվարողների հետ բանակցություններ անցկացվեին։ Նրա խոսքով՝ միայն այդ գործընթացից հետո պետք է անցնեին քանդման աշխատանքներին։
Տնտեսվարողը մտավախություն ունի, որ շինություններն արդեն քանդված լինելու դեպքում կարող են վիճարկվել դրանց առանձին հատվածների բնույթն ու արժեքը, ինչի հետևանքով իրենք կզրկվեն վնասի չափն ապացուցելու հնարավորությունից։
Նրա խոսքով՝ եթե գնահատումն իրականացվի ապամոնտաժումից հետո, կարող է դժվարանալ պարզելը, թե իրականում ինչ նյութերից են կազմված եղել շինությունները և որքան են արժեցել։