Էդ ի՞նչ ենք փաթեթավորում ու ինչո՞վ, որ միավորն արժե 25 հազար դրամ. Լիաննա Մանուկյանը՝ COP17-ի ծախսերի մասին
«Ողջունում ենք COP17-ի և ցանկացած միջազգային համաժողովի անցկացում մեր երկրում, որը կբարձրացնի Հայաստանի ճանաչելիությունը, տուրիստական գրավչությունը, հեղինակությունը, բայց դա չի նշանակում, որ դրա քողի տակ պետք է արվեն չարդարացված ծախսեր»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Մանուկյանը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում նա հայտարարեց, որ բեյջերի համար նախատեսված թելը ձեռք է բերվել 1248 դրամով, մինչդեռ շուկայում 55 դրամը գերազանցող բեյջի թել չեն գտել։
«Ես մի ցցուն օրինակով ցույց տվեցի մեկ պայմանագիր, իսկ նման պայմանագրերը բազմաթիվ են, դրանցում մեղմ ասած, անտրամաբանական գնումներ են։ Պայմանագրում մի կետ կար, որտեղ փաթեթավորման համար հատկացվում է գրեթե 25 հազար դրամ։ Ուզում եմ հասկանալ, էդ ի՞նչ ենք փաթեթավորում ու ինչո՞վ, որ միավորն արժե 25 հազար դրամ։ Սա այն դեպքում, երբ մյուս կետերում արդեն ունենք ուռճացված գներ։ Ընդ որում, նման 400 փաթեթավորում է արվելու։ Դա էլ բավարար չէ, այս պայմանագրով 19 մլն դրամ էլ նախատեսված է չնախատեսված ծախսերի համար։ Այս հոդվածներում եղած գներն արդեն բոլոր ծախսերը պետք է ներառեին՝ և լոգիստիկան, և բանվորները։ Ուզում եմ հասկանալ, 19 մլն դրամ ևս այս պայամանգրի մեջ ներառել են որ ի՞նչ, որ 19 հազար հատ բեյջի թել դատարկելու համար բանվոր վարձե՞ն»,-ասաց Լ. Մանուկյանը։