Թուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցում
Թուրքիան հույս ունի առաջընթաց գրանցել ԱՄՆ-ի հետ բանակցություններում՝ F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու և ամերիկյան CAATSA պատժամիջոցներին առնչվող տարաձայնությունները կարգավորելու հարցում։ Դրա մասին Վաշինգտոնում CNN Türk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Ալփասլան Քավաքլըօղլուն։
«Մեր առաջին վեց F-35 ինքնաթիռների վերաբերյալ շատ ինտենսիվ շփումներ են ընթանում»,- հայտնել է Քավաքլըօղլուն։ Նա վստահություն է հայտնել, որ բանակցությունները արդյունք կտան։
Ըստ փոխնախարարի՝ վերջին օրերին թուրքական պատվիրակությունն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ է անցկացրել պաշտպանության ոլորտում որոշումներ ընդունող պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների և ամերիկյան պետական կառույցների հետ։ Պատվիրակությունը Վաշինգտոն է ժամանել USA 2026 ցուցահանդեսին մասնակցելու համար։
Քավաքլըօղլուն անցկացված բանակցությունները անսպասելիորեն դրական է բնութագրել և հայտարարել, որ Անկարայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունները նկատելիորեն բարելավվում են։
«Այժմ մենք ունենք հարաբերություններ, որոնք կարելի է գերազանց անվանել, թեև խնդիրները մնում են»,- ասել է նա՝ հիշատակելով նաև CAATSA օրենքին առնչվող սահմանափակումները։ Ըստ նրա՝ երկու կողմերն էլ ակտիվորեն քննարկում են տարաձայնությունները, և ինքը հույս ունի, որ դրանք կհաջողվի կարգավորել մոտ ժամանակում։
CAATSA-ն ամերիկյան օրենք է, որը նախատեսում է ԱՄՆ-ի հակառակորդների դեմ պայքար պատժամիջոցների միջոցով։ 2020 թվականին Վաշինգտոնը սահմանափակումներ սահմանեց Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության և դրա մի շարք ղեկավարների նկատմամբ, երբ Անկարան ձեռք բերեց ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներ։ Այդ ֆոնին Թուրքիան դուրս մնաց F-35 կործանիչների արտադրության ծրագրից։
Քավաքլըօղլուն նշել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շփումների դրական բնույթը։ Ըստ նրա՝ երկու առաջնորդների հարաբերությունները լրացուցիչ խթան են հաղորդում բանակցություններին, սակայն տարաձայնությունները կարգավորելու համար երկու կողմերն էլ պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն։
«Ես հույս ունեմ և սպասում եմ, որ ամեն ինչ կավարտվի շատ կարճ ժամկետում»,- հայտարարել է փոխնախարարը։
Միևնույն ժամանակ, Քավաքլըօղլուն չի նշել հնարավոր համաձայնագրի կոնկրետ ժամկետներ և չի հայտնել, թե առաջին վեց F-35-ների վերաբերյալ ինչպիսի պայմանավորվածություններ են արդեն ձեռք բերվել։