Շինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունել
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթին
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվում են խտրականության հասկացությունը և տեսակները, կանոնակարգվում են իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության ոլորտում պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց պարտականությունները, խտրականությունից իրավական պաշտպանության հիմքերը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մարմնի, գործունեությունը։
Նախագծի նպատակն է ապահովել յուրաքանչյուր անձի նկատմամբ հավասար վերաբերմունքն ու իրավունքների, ազատությունների և պարտականությունների իրականացման հավասար հնարավորությունները, ինչպես նաև յուրաքանչյուր անձի նկատմամբ խտրականության կանխարգելումն ու խտրականության չենթարկվելու իրավունքի պաշտպանությունը։
Ամրագրելով խտրականության համընդհանուր արգելքը՝ Նախագիծը սահմանում է խտրականության հասկացությունը և տեսակները, ինչպիսիք են՝ ուղղակի խտրականությունը, անուղղակի խտրականությունը, խտրականության հրահրումը, ոտնձգությունը, սեգրեգացիան (խտրազատում), վիկտիմիզացիան (զոհայնացում), հատվող խտրականությունը և հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումների ապահովման մերժումը։ Նախագծով նաև սահմանվում է, որ խտրականության նշված տեսակները կարող են հիմնված լինել նաև զուգորդման (ասոցացիայի) կամ ընկալման վրա։
Նախագծերի փաթեթով վերանայվում է նաև խտրականության չենթարկվելու իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի դատական քննության մոդելը։ Մասնավորապես, նախատեսվում է նշված գործերի քննությունը վերապահել առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարաններին՝ անկախ ենթադրյալ խտրականությունը գործադրած սուբյեկտի կարգավիճակից։ Այս կարգավորումը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ խտրականությունը դրսևորվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ»։