Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
Ստամբուլում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 35-ամյակի կապակցությամբ պաշտոնական ընդունելություն։ Նման մակարդակի միջոցառում առաջին անգամ է կազմակերպվել վերջին ինը տարվա ընթացքում, ընդ որում՝ թուրքական կողմն առաջին անգամ ներկայացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալը։
Ինչպես հայտնում է «Ակոս» պարբերականը, ընդունելությունն անցկացվել է Թաքսիմ շրջանում գտնվող InterContinental հյուրանոցում։ Միջոցառման կազմակերպիչը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանն էր։ Թուրքիան ներկայացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին։
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, Հրանտ Դինքի հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Ռաքել Դինքը, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը, Թուրքիայի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը և հայ բողոքական համայնքի հոգևոր առաջնորդ Կիրկոր Աղաբալօղլուն։
Ընդունելության մեկնարկից առաջ Նաիրի Պետրոսյանը միջոցառման անցկացումը որակել է որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում խորհրդանշական քայլ։