Մարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ Փաշինյան
Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում տեղի է ունեցել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի շրջանակում անցկացվող «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի լիագումար նիստի բացման արարողությունը:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանի բնությունը և կենսաբազմազանությունը պաշտպանելու ճանապարհին ունենք և՛ հաջողություններ, և՛ ձախողումներ։
«Ուզում եմ բերել մի կոնկրետ օրինակ․ 2018 թվականին, երբ Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում դարձա Հայաստանի վարչապետ, առաջին հրամաններիցս մեկը ապօրինի անտառահատումները, որ դեռ բավական մեծ ծավալ ունեին, կասեցնելն էր։
Այս հրահանգը մեծ հակազդեցություն առաջացրեց հատկապես Տավուշի մարզում, որը իմ ծննդավայրն է և որը մեր հանրապետության ամենաանտառաշատ տարածքներից է։
Իմ ծննդավայրում բողոքի ակցիաներ սկսվեցին, որովհետև բազմաթիվ մարդիկ 90–ականների իներցիայով վաստակում էին ապօրինի անտառահատումներով։
Ես այս առիթով այց կատարեցի Հաղարծին գյուղ, որն իմ մայրական գյուղն է և որտեղ ապրում է իմ ազգականների մի զգալի մասը։
Մարդիկ շատ ագրեսիվ էին տրամադրված։ Ես նրանց փորձում էի բացատրել, որ անտառը պահպանելով ավելի շատ կարելի է վաստակել, քան ապօրինի անտառհատումներով։ Մարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել։
Բայց մենք սկզբունքայնություն դրսևորեցինք և որքան հնարավոր էր պայքարում էինք ապօրինի անտառահատումների դեմ։ Եվ ահա, մեկ–երկու տարի անց ապօրինի անտառահատումներով զբաղվող բազմաթիվ մարդիկ փոխեցին իրենց գործունեության տեսակը»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ այդ նույն մեքենաները, որով ընդամենը ամիսներ առաջ նրանք անտառում հատած փայտն էին տեղափոխում դեպի շուկաներ, սկսեցին հարմարեցնել և զբոսաշրջիկներ տեղափոխել դեպի անտառներ, դեպի վայրի բնություն և զարմանքով արձանագրեցին, որ այդպես իրոք ավելի շատ ու ավելի հեշտ են վաստակում։