Կառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. Փաշինյան
Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում տեղի է ունեցել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի շրջանակում անցկացվող «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի լիագումար նիստի բացման արարողությունը:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ էական կարգավորումներ են արվել Սևանա լճի ձկնային պաշարները, ասել է թե կենսաբազմազանությունը պաշտպանելու համար։
«Լճում ձկնորսությունը կանոնակարգող որոշումներ ենք ընդունել, ձվադրման սեզոնին հնարավորինս խիստ վերահսկողություն է իրականացվում, ինչի արդյունքում սիգի պաշարները Սևանա լճում էականորեն մեծացել են։
Մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ Սևանա լճի վրա գործում է ջրային ոստիկանություն, որի խնդիրներից մեկը, այլոց շարքում շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող մարմիններին աջակցություն ցույց տալն է։
Իհարկե, այս խիստ միջոցները որոշակի դժգոհություններ են առաջացնում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների շրջանում։ Բայց ես միշտ մի հարց եմ տալիս, որը կարծում եմ նրանց էականորեն զինաթափում է։
Ես հարցնում եմ, սիրելի քաղաքացիներ, ու՞մ համար ենք մենք Սևանի ձկնային պաշարները պահպանելուն և զարգացնելուն ուղղված այս խիստ միջոցները ձեռնարկում։ Ո՞ւմ համար ենք մենք դա անում: Ես ինձ համա՞ր եմ դա անում, կամ իմ շրջապատի՞ համար եմ անում։
Եվ քաղաքացիները գիտեն, որ Կառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ մեր ազգականների։ Դա անում ենք այդ նույն, ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար, և նրանց սերունդների, որ նրանք եկամտի կայուն և երկարաժամկետ աղբյուր ունենան։
Եվ արդյունքներն ակնհայտ են։ Վերջին 10 տարիների ընթացքում Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը (կենսազանգվածը) աճել է ավելի քան 10 անգամ՝ 2010-ականների կեսերի ճգնաժամային մի քանի հարյուր տոննայից, այսինքն, ըստ էության, անհետացման եզրին հայտնվելուց, 2026 թվականի հուլիսի դրությամբ հասնելով ավելի քան 4500 տոննայի»,-հայտարարել է Փաինյանը։
Նա նշեց, որ Սևանա լճում Կառավարության կողմից իրականացնում է նաև Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման ծրագիրը։ Մինչև 2025 թվականը Սևանի իշխանի պաշարները լճում եղել են աննշան՝ մինչև 20 տոննա։ 2025թ․ պաշարները գնահատվել են շուրջ 138 տոննա, իսկ արդեն 2026-ի հուլիսի դրությամբ՝ 374 տոննա։ Այսօր Սևանի ձկնորսների ցանցերում կրկին իշխան է հայտնվում։ Նրանց խոսքով՝ նման հաճախությամբ դա հիշում են միայն իրենց պապերի պատմություններից: