Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարար
Թուրքիան ցանկանում է, որպեսզի Հարավային Կովկասում ամրապնդվի խաղաղությունը, հանգստությունն ու բարեկեցությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին՝ Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում:
Նախարարը նշել է, որ 2022 թվականից Հայաստանն ու Թուրքիան սկսել էին հարաբերությունների կարգավորման գործընթաց՝ շեշտելով, որ 2026 թվականի մարտից այդ գործընթացը նոր թափ է ստացել։
«2022 թվականի հունվարից սկսվեց հարաբերությունների կարգավորման գործընթացը։ 2026 թվականի մարտից «Թուրքական ավիաուղիներ» ընկերության չվերթների հետ մեկտեղ այդ գործընթացը նոր թափ ստացավ»,-ասել է թուրք նախարարը՝ հույս հայտնելով, որ երկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը կբարձրացվի ավելի բարձր մակարդակի։
«Իհարկե, մենք՝ որպես Թուրքիա, ցանկանում ենք, որ տարածաշրջանում ամրապնդվեն խաղաղությունը, հանգստությունն ու բարեկեցությունը։ Եվ, անշուշտ, հաշվի առնելով այստեղ ստեղծված իրավիճակն ու առկա հանգամանքները, շարունակում ենք այդ գործընթացը։ Հուսով եմ, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը և կարգավորման գործընթացի արագացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Յումակլին։